Վիտալի Բալասանյանի գրասենյակի մամլո հաղորդագրությունը

Հարգելի՛ արցախցիներ

Արցախի իշխանություններն ընդառաջ չգնալով մեր կոչերին և անտեսելով կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգների մասին մեր զգուշացումները՝ չհետաձգեցին ընտրությունները։ Այս հարցում, թերևս, կար նաև կողմնակի շահագրգռվածություն։ Եթե հանկարծ հետագայում պարզվի, որ խնդիրներ են եղել ու դրանց վրա, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ուշադրություն չի դարձվել, ապա բոլոր մեղավորները պետք է իրավական ու քաղաքական պատասխանատվություն կրեն դրա համար։

Թե որքանով համաճարակի հնարավոր տարածման ֆոնն ազդեց ընտրությունների որակի և ընտրողի վարքագծի վրա, արդեն էական չէ։ Էականն այն է, որ քաղաքական հաշվարկն ավելի կարևորվեց թե՛ Երևանի, թե՛ Ստեփանակերտի պաշտոնական կաբինետներում։ Սա արժե արձանագրել պատմության համար։

Ես հուսով եմ, որ ընտրական գործընթացը չի վնասել մեր քաղաքացիների առողջությանը։ Հիմա էլ եմ կոչ անում իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ժողովրդի առողջապահական անվտանգության ապահովման համար։

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա ես որպես նախագահի թեկնածու և «Արդարություն» կուսակցությունը շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր չտրվեցին փողի գայթակղությանը, անտեսեցին վարչական ռեսուրսի կիրառումը, ինչպես նաև չընկան արկածախնդրության և դրսից հրահրվող կասկածելի գործընթացների հորձանուտի մեջ՝ քվեարկելով հանուն անվտանգության և արդարության ապահովման։

Ես կարևորում եմ ինձ և «Արդարություն» կուսակցությանը տված ամեն մի քվեի ուժն ու արժեքը։ Մեր ստացած հազարավոր ձայները պարտավորեցնող են։

Մենք ընտրություններին մասնակցում էինք «Հաղթանակը չի՛ վաճառվում» կարգախոսով։ Ես և իմ թիմը, սիրելի՛ արցախցիներ, հավաստիացնում ենք ձեզ, որ ձեր տված քվեին մենք տեր ենք կանգնելու և՛ որպես խորհրդարանական խմբակցություն, և՛ որպես քաղաքական դաշտում իր զգալի տեղն ունեցող քաղաքական ուժ։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին, քանզի նրանց հետ գաղափարական տարաձայնություններն ու տեսակային տարբերություններն ակնհայտ են։ Իմ անցած ուղին և մեզ քվե վստահած ընտրողի պատգամն այլ բան չեն էլ ենթադրում։

Մենք կոչ ենք անում կողմերին հանուն իշխանության մղվող պայքարը ստորադասել Արցախի անվտանգությանը և զերծ մնալ ցնցումներից, ապակայունացումից։ Պաշտոնն անցողիկ է, իսկ մեր երկրի շահը՝ մնայուն։

Աստված պահապան բոլորիս։

 

https://www.facebook.com/BalasanyanVitali/posts/684154452389102

 

Published in Արցախ
Posted On Ուրբաթ, 03 Ապրիլի 2020 00:47

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» 2020 թ. մարտի 31-ին Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Հայաստանի վարչապետի աշխատակազմի դրամաշնորհային ծրագրով իրականացրեց կարճաժամկետ դիտորդական առաքելություն։

Արցախի Հանրապետությունում ձևավորել էր 282 ընտրական տեղամաս: ԻՔՄ-ի կողմից դիտարկվեց 49 ընտրական տեղամաս Արցախում, մեկ տեղամաս Երևանում։ Դիտարկումներն իրականացվել են բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաև դիտորդություն են արել առաքելության 10 շրջիկ խմբերը: Թե՛ նախընտրական փուլում և թե՛ քվեարկության օրը իրականացվել է մեդիա մոնիթորինգ և իրավապահ համակարգի գործունեության դիտարկում: Առաքելության մեջ ներգրավված են եղել 113 կարճաժամկետ դիտորդ, 5 իրավաբան, 9 հեռախոսավար-մուտքագրող և մոտ 25 վարչական աշխատող։

Արձանագրված որոշակի խախտումներ

  • Քվեասենյակում գտնվելու իրավունք չունեցող անձինք ներկա են եղել դիտարկված 47 տեղամասերից 16-ում։ 

  • Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկվող տեղամասերից 13-ում։ Որոշ տեղերում, ըստ դիտորդների, դա կրել է ակնհայտ վերահսկողական բնույթ: Այս դեպքերի թվում չեն օրենքով սահմանված կարգով օգնողները և երեխաները։ 

  • Վկայականը տեսանելի չեն կրել 15 տեղամասում՝ հիմնականում վստահված անձինք, իսկ եզակի դեպքերում նաև հանձնաժողովի անդամները։ 

  • Խախտումները և գնահատականները գրանցամատյանում չեն գրանցվել կամ ոչ միշտ են գրանցվել դիտարկված տեղամասերից 12-ում:

  • Քվեարկության մասին բարձրաձայնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերից 9-ում։ Քվեախցիկից դուրս քվեաթերթիկի լրացման դեպք արձանագրվել է 40 տեղամասում։ Նշված տեղամասերից 20-ում դա առավել հաճախակի բնույթ է կրել։ Իսկ ընդհանուր առմամբ գրանցվել է շուրջ 700 դեպք՝ հիմնականում տարեցների կողմից:

  • 2 տեղամասում գրանցվել է քվեաթերթիկը դուրս տանելու փորձ։ Մեկ դեպքում ընտրողը փորձել է տանել քվեաթերթիկն այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահն արգելել է լուսանկարել այն։ Քվեաթերթիկների «կարուսելի» (վերահսկվող քվեարկության տեսակ) արժանահավատ ահազանգեր բարձրաձայնվել են նաև այլ սուբյեկտների կողմից:

  • Դիտարկված 49 տեղամասերից 9-ում դիտորդներն արձանագրել են ընտրողների կողմից սեփական քվեաթերթիկը լուսանկարելու դեպքեր։ Նման դեպքերի մասին բազմաթիվ ահազանգեր գրանցվել են նաև այլ դերակատարների կողմից, և դա վկայող բազմաթիվ տեսանյութեր կան նաև համացանցում: Ընդ որում՝ այս դեպքերից և ոչ մեկով հանձնաժողովի անդամը չի դիմել տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանին: Հանձնաժողովների նախագաներից մի քանիսը դա պատճառաբանել են քվեաթերթիկ լուսանկարելու դեպքում ոստիկանին չդիմելու հրահանգավորմամբ:

  • Տեղամասային կենտրոնի ներսում կուտակումներ նկատվել են 11 դեպքում, ընդ որում՝ 4 տեղամասում կուտակումները զուգորդվել են տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայության հետ, մեկական տեղամասերում՝ բաց քվեարկության և քվեարկելուց անմիջապես հետո թեկնածուներից մեկի շտաբ այցելելու հետ։ 

  • Դիտարկված տեղամասերից 7-ում վստահված անձը փորձել է այլ անձանց հրահանգներ և կարգադրություններ տալ: Մեկ դեպքում նման լիազորություն իրեն վերագրել է ԶԼՄ ներկայացուցիչը, մեկ այլ դեպքում հանձնաժողովի անդամը, քանի որ հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները չեն տիրապետել իրենց գործառույթներին։ 

  • Վիճաբանություն (առանց ֆիզիկական բռնության) գրանցվել է 10 տեղամասում՝ հիմնականում վստահված անձանց և հանձնաժողովի անդամների մասնակցությամբ, և առնչվել է հանձնաժողովի կողմից խախտումների չվերացմանը։ 

  • Ընտրողների կազմակերպված տեղափոխում նկատվել է 3 տեղամասի շրջակայքում։ Եթե երկու դեպքում տեղափոխումը թեկուզ և կազմակերպված էր, բայց չէր կրում համակարգային բնույթ, ապա մի դեպքում տեղափոխումն անընդհատ էր և կազմակերպված Արայիկ Հարությունյանի աջակիցների կողմից։ 

  • Տեղամասային կենտրոնի հարակից տարածքում մարդկանց կուտակումներ նկատվել են դիտարկված տեղամասերից 33-ում, որոնցից 10-ում ոստիկանությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել կուտակումը վերացնելու համար։ Կուտակումներից 6 դեպքը հստակ կապված է եղել թեկնածուների վստահված անձանց հետ, որոնցից երեքը շարունակվել են քվեարկության ամբողջ ընթացքում։

  • Մեկական տեղամասի դեպքում նկատվել է ընտրողների կողմից թեկնածուներից մեկի նախընտրական շտաբ այցելելուց անմիջապես հետո տեղամաս մտնելը և տեղամասից դուրս գալուց անմիջապես նախընտրական շտաբ գնալու պարբերական պրակտիկա։

  • Դիտարկված տեղամասերից 9-ում դիտորդները նշել են, որ հանձնաժողովի նախագահը մասամբ է տիրապետում քվեարկության արդյունքների ամփոփման կարգին, իսկ 1 տեղամասում ընդհանրապես չի տիրապետել: 

  • 2 տեղամասում, ըստ դիտորդների, հանձնաժողովը ինչ-որ անճշտություններ շտկելու համար իրականությանը չհամապատասխանող թվեր է գրանցել արձանագրությունում կամ փոխել ելակետային թվերը՝ ոչ էական չափով: 

Քվեարկության արդյունքների վերլուծությունը

ԻՔՄ դիտորդական առաքելության կողմից մշտական դիտարկման ենթակա տեղամասերն ընտրվել են սոցիոլոգիական ընտրանքի միջոցով, և եթե դիտարկումից դուրս մնացած տեղամասերում քվեարկության արդյունքների կեղծիք տեղի ունենար, դիտարկված տեղամասերի քվեարկության միջին արդյունքը կտարբերվեր հանրապետության միջին արդյունքից: Այս առումով հարկ է նկատել, որ նման երևույթ չի դիտվում․ նախագահի թեկնածուների ստացած ձայների տոկոսի առավելագույն շեղումը 0․5 տոկոս է, կուսակցությունների ու դաշինքներինը՝ 2․2 տոկոս: Սա վկայում է այն մասին, որ ԻՔՄ դիտորդների կողմից չդիտարկված տեղամասերում քվեարկության արդյունքների զանգվածային կեղծիքներ չեն եղել:

Միաժամանակ, ընտրողների վրա ազդեցության ոչ քաղաքական մեխանիզմների մասին է անուղղակի վկայում տեղամասերում մասնակցության տոկոսի և թեկնածուներից Արայիկ Հարությունյանի (որոշակի մասով՝ նաև Վիտալի Բալասանյանի)՝ հավաքած ձայների տոկոսների կորելացիան: Սովորաբար նման պատկերը ստացվում է քվեարկության մասնակիցների արհեստական աճի կամ ընտրողների նկատմամբ պարտադրանքի արդյունքում:

Ընտրողների ազատ կամարտահայտումը

 Հարկ ենք համարում ընդգծել, որ թեև ԻՔՄ-ն չի իրականացրել երկարաժամկետ դիտորդական առաքելություն, սակայն այն իրականացվել է մեր գործընկեր «Ականատես» դիտորդական դաշինքի կողմից, որը մտահոգություններ է բարձրացրել վարչական ռեսուրսի օգտագործման և քարոզչությանը զուգորդվող բարեգործության հետ կապված։ Քարոզչության հետ զուգորդվող կամ թեկնածուների հետ կապակցված բարեգործության մասին ահազանգեր մեզ ևս հայտնել են բազմաթիվ զրուցակիցներ։ Այս հանգամանքները հիմք են տալիս մտածելու, որ ընտրողների կամքի վրա եղել է ընտրական օրենսդրությամբ արգելված ներգործություն։

Նկարագրված երևույթների՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցության գնահատման համար կարևոր հանգամանք է տեղամասերում քվեարկության գաղտնիության պահպանման բազմաթիվ խնդիրները։ Մասնավորապես, սա առավել մտահոգիչ տրամաբանական եզրահանգումների հիմք է տալիս այն հանգամանքների լույսի ներքո, որ ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարելու դեպքերը կրել են պարբերական և զանգվածային բնույթ, ընտրական հաննձնաժողովների նախագահները այդ դեպքերով չեն դիմել ոստիկանության ծառայողներին (ըստ ամենայնի՝ համապատասխան հրահանգավորմանը հետևելով), և որ դեռ ամիսներ առաջ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից դիմադրության է արժանացել մեր այն առաջարկը, որ ԱՀ Քրեական Օրենսգրքի՝ քվեարկության գաղտնիության խախտման խնդրահարույց հոդվածը խմբագրվի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփական քվեաթերթիկը լուսանկարելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիության խախտման այլ արտահայտումները կրում են լատենտային բնույթ, որպես կանոն եզակի դեպքերում են նկատվում դիտորդների կողմից՝ կարող ենք ենթադրել, որ այդ դեպքերը եղել են շատ ավելի շատ, քան նկատվել են մեր դիտորդների ու այլ սուբյեկտների կողմից, սակայն դրանց քանակը ճշգրիտ գնահատել հնարավոր չէ։ Ըստ այդմ նաև հնարավոր չէ ճշգրիտ թվային գնահատական տալ, թե Արցախի Հանրապետության ընտրողների քանի՞ տոկոսն է, որ կաշկանդված լինելով ստացած բարեգործությամբ կամ իրենց նկատմամբ կիրառված վարչական լծակներով, քվեարկության խցիկներում չեն կարողացել իրականացնել իրական կամարտահայտում։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ»

Published in Արցախ
Posted On Չորեքշաբթի, 01 Ապրիլի 2020 19:35

Քաշաթաղում այս պահին կատարվում է հանցագործություն, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հարություն Կարապետյանը և տեղադրել տեսագրություններ։

«Արցախի հանրապետության ներքին գործերի նախարար գեներալ Լևոն Մնացականյանին

հայտարարություն հանցագործության մասին։ Պարոն գեներալ հենց այս պահին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում կատարվում է հանցագործություն՝ տես. տեսահոլովակները: ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները, գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա: Ծեծ ու ջարդ է հենց այս պահին»,– գրել է նա։

Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Խիստ մտահոգիչ են Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքից ստացվող լուրերը: Ըստ դրանց և շրջանառվող տեսանյութերի՝ գյուղապետ Պետրոս Ավետիսյանը քվեարկության օրվա ցերեկը շրջում էր գյուղով, որի ընթացքում գոռում էր «տենց մեկը չի ծնվել, որ ինձ դեմ գնա, առավել ևս՝ Արայիկին, տենց մեկը լինի՝ ոտերը կջարդենք»:

Դրանից հետո, գիշերը. մի խումբ անձանց հետ ու ոչ սթափ վիճակում մոտեցել է ընտրական տեղամասին ու կռիվ սարքել, որից հետո փակել է «Միասնական Հայրենիք» կուսակցության վստահված անձի՝ Կովսական գնացող մեքենայի ճանապարհը, հարվածել մեքենային:

Գյուղապետին և այլ մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին և ապա ազատ արձակել: Քրեական գործ դեռ հարուցված չէ, հաղորդումը քննվում «երկու կանանց կողմից գյուղապետի վրա հարձակման» ուղղությամբ:

Նշված տեղեկությունները հաստատվում են չորս տարբեր աղբյուրներից (մեկը իմ հին գործընկերն է), իսկ տեսանյութերը առաջին մեկնաբանությունում են: Առավոտյան այս դեպքով ևս հանցագործության մասին հաղորդում կտանք՝ ԱՀ ՔՕ 147, 147.1 և 269-րդ հոդվածներով:

Հ.Գ. Մարտունու քաղաքապետի կողմից կուսակցություններից մեկի ճանապարհը փակելու գործը եթե նորմալ քննվեր, այս դեպքը կարող է չլիներ: Ոստիկանության անգործությունը խթանում է հանցավորությունը»,– գրել է նա:

https://www.facebook.com/harutyun.karapetyan/posts/2803249753057100

https://www.facebook.com/danioanis/posts/10220687784321565

 lragir.am

Published in Արցախ
Posted On Չորեքշաբթի, 01 Ապրիլի 2020 18:45

Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,մինչ օրակարգային հարցերին անցնելը, Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդես են եկել ելույթներով:

ՀՀ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների հարգելի անդամներ,

Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ երրորդ նիստը, ինչը նշանակում է, որ այսպիսի ֆորմատներով նիստերի անցկացումն այլևս դառնում են անշրջելի ավանդույթ և խնդիրն այստեղ միայն ավանդույթի մեջ չէ: Սա բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունները լինեն միևնույն էջի վրա և Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր երկրի, հայրենիքի, ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է:

Ընդհանրապես, կարծում եմ, որ վերջին շրջանում մենք այս առումով բավականին արդյունավետ աշխատանք ենք իրականացրել և այդ աշխատանքը հասել է մի կուլմինացիայի, երբ մենք հնարավորություն ենք ունեցել արձանագրել, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Սա ամենևին չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները, սա նշանակում է, որ ռազմավարության, վեկտորի ուղղությամբ մենք իսկապես ունենք նույնական պատկերացում և այդ նույնական պատկերացումներն ունեն մի քանի անհրաժեշտ հենասյուներ: Այդ հենասյուներից կարևորագույնը ես համարում եմ արձանագրումն այն բանի, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում:

Այս առումով, շատ կարևոր եմ համարում, որ ըստ էության, մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է, եթե չասենք ձևավորվել է, Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն և կարծում եմ, որ այդ բովանդակությունը առաջինը` ավելի համապարփակ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը և երկրորդը` այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Եվ այս առումով, ես նույնպես կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ:

Իհարկե, Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցության անկյունաքարային թեմաներից մեկն անվտանգությունն է, որովհետև Արցախը և Հայաստանն անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր են և այստեղ մեր օրակարգը որևէ ձևով չի կարող տարանջատված և տարբերակված լինել: Այդ առումով, մենք բնականաբար շատ ենք կարևորում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերի մարտունակությունը և Զինված ուժերում հաստատված բարոյահոգեբանական մթնոլորտը:

Ընդհանուր առմամբ կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես 2019 թվականին, հսկայական միջոցներ է ձեռնարկել և հսկայական միջոցներ հատկացրել բանակում էական ու շոշափելի փոփոխություններ իրականացնելու համար` սկսած սպառազինությունների ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներից, այնպես էլ դրամական բավարարումների չափից: Եվ այս ամենի արդյունքում բնականաբար բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաև կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա և ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է:

Վերջին շրջանի քննարկումներում ես մի այսպիսի արձանագրում եմ արել, որ կա դիսոնանս բանակի հեղինակության և ծառայության հեղինակության միջև: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է: Այսինքն, բանակի հետ կապված ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է, բայց ցավոք սրտի մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը և այսօր մենք իհարկե կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք:

Անվտանգային միջավայրի առումով կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք ևս մի այսպիսի իրողություն: Իհարկե, Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառույթային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել: Կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ նաև ժողովրդավարությունն այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը:

Այս առումով գիտենք, որ առաջիկայում Արցախում տեղի են ունենալու համապետական ընտրություններ և կարծում եմ, որ ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, ինչը ևս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, որովհետև Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարևան երկրում և այդ իրողությունը ոչ միայն անշրջելի է, այլ ես կարծում եմ, որ այդ իրողությունը ևս մեկ անգամ շատ ավելի վառ ու արտահայտված կերպով կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական` նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Արցախի և Հայաստանի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ ու մոտեցումներ:

Եվ իհարկե մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը մեր երկրների տնտեսությունների մրցունակությունն է: Տնտեսությունն է, որ պետք է Հայաստանի ու Արցախի Զինված ուժերին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով` իրենց գործառույթներն իրականացնելու համար, և այսօրվա օրակարգում մենք կքննարկենք նաև տնտեսական ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր: Բայց մյուս կողմից մենք պետք է արձանագրենք, որ մեր տարածաշրջանում անվտանգային վիճակը ցավոք սրտի գնալով ավելի է լարվում և մենք այստեղ ավելի շատ նոր սրացումներ ենք տեսնում, քան լուծումներ և այս համատեքստը նույնպես անվտանգության խորհուրդների համատեղ նիստում կքննարկվի:

Այս առումով, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի հետևյալ խնդրի վրա: Կարծում եմ` այսօր տարածաշրջանում ստեղծված աշխահաքաղաքական իրողությունների պայմաններում մենք պետք է արձանագրենք, որ ունենք համատեղ պատասխանատվություն ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առումով, այլև ունենք առանձնահատուկ պատասխանատվություն` մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման և գլոբալ անվտանգության ապահովման առումով: Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այս հարցում նույնպես Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են և մեր առաքելությունն ու պարտավորությունն է` ապահովել մեր ազգային անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը և մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ: Սա նույնպես մեր օրակարգային կարևոր խնդիրն է և մեր համագործակցության կարևոր առարկաներից մեկը, որտեղ մենք կարծում ենք՝ արդյունավետ համագործակցում ենք և իհարկե այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա:

Հարգելի գործընկերներ, մեզ այսօր մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք»: 

Իր ելույթում նախագահ Բակո Սահակյանը կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ: 

Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված ու հետևողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:

Published in Արցախ
Posted On Շաբաթ, 22 Փետրվարի 2020 10:05
Էջ 2, 8-ից

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` [email protected]

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում