«Խորհրդավոր ընթրիք» Արցախում. ով է լինելու մատնիչը

Posted On Շաբաթ, 11 Հունվարի 2020 18:02

 

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը երեկ իր մոտ է հրավիրել Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու նախագահի թեկնածուներին: Արցախում նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները կայանալու են մարտի 31-ին:

Պարգեւ Սրբազանը հայտարարել է, որ որպես հոգեւոր առաջնորդ իր վրա է վերցնում ընտրությունների հաշտ ու խաղաղ ընթացքի համար պատասխանատվությունը՝ նշելով, որ եթե ինչ-որ մեկը խախտի ազնիվ խաղի կանոնները, անձնական վիրավորանքներ հասցնի, նշանակում է, որ ազգային շահերի դեմ է եւ լուսանցքում է հայտնվելու:

Հանդիպմանը նախագահի թեկնածուներից ներկա չէր Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նրա Ազատ հայրենիք կուսակցությունը ներկայացրել է խորհրդարանի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը: Դա հատկանշական բացակայություն էր, նկատի ունենալով, որ նա վաղուց նախընտրական արշավ է անցկացնում, ընդ որում թե Արցախում, թե Հայաստանում, չխորշելով ոչ մի մեթոդից:

Օրինակ, պետական պատվերով աշխատող որոշ ձեռնարկությունների աշխատակիցներ ասում են, որ տնօրինությունը հրահանգում է քվեարկել Արայիկ Հարությունյանի օգտին: Մարդկանց փորձում են համոզել, իբր եթե այլ նախագահ լինի, պատվերներ չեն լինի, եւ առանց աշխատանքի կմնան: Լուրեր են տարածում, որ Երեւանն աջակցում է Արայիկ Հարությունյանին եւ միայն նա կարող է ապահովել պատվերները:

Անցած տարվա վերջին Արայիկ Հարությունյանի թիմը փորձում էր ամեն կերպ ապացուցել, որ Երեւանի նախընտրած թեկնածուն հենց Հարությունյանն է: Բանն անգամ հասավ տեղեկության, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ասել, որ Արայիկ Հարությունյանին գերադասում է մյուսներից:

Բացի այդ, Արայիկ Հարությունյանի Ազատ հայրենիք կուսակցությունը հրապարակայնորեն հերքել է հայկական մամուլում մյուս թեկնածուների դեմ Վահրամ Աթանեսյանի հոդվածների հետ իր կապը:

Արցախում սակայն աստիճանաբար քանդվում է նախկին իշխանության ամենազորության մասին առասպելը, որ կարող է գնել ամեն ինչ ու բոլորին: Սկսվում է մի շրջան, երբ մարդիկ հավատում են ոչ թե ուրիշներին, այլ իրենք իրենց:

Երիտասարդ արցախցիները եւ նոր կուսակցությունները, որոնք ներգրավված չեն կոռուպցիոն սխեմաներում, կոչ են արել չաջակցել այն անձանց ու կուսակցություններին, որոնք խրվել են կոռուպցիայի մեջ եւ վատնել ազգային բարիքները: Նոր կուսակցությունների ներկայացուցիչները պահանջում են հրապարակել այն մարդկանց անունները, որոնք մեծ եկամուտներ են ստանում Արցախում ոսկու արդյունահանումից, փոքր ՀԷԿ-երից, որոնք Քարվաճառում ցամաքեցրել են Թարթառ գետը, Ղարաբաղի Տելեկոմի եւ Արցախբանկի բաժնետերերին:

Նախագահ Բակո Սահակյանը հրապարակայնորեն հեռու է մնում այս կամ այն թեկնածուին աջակցելուց, ավելին, այն, որ ընտրությունների պատասխանատվությունն ստանձնել է Պարգեւ արքեպիսկոպոսը, կարող է վկայել, որ Բակո Սահակյանն արդեն չի համակարգում, եւ «դատելու» հեղինակություն ունի միայն Պարգեւ սրբազանը:

Դժվար թե Պարգեւ Սրբազանը ինչ-որ մեկին պաշտպանի քաղաքական պայքարում: Դրա համար նա ունի բավարար իմաստնություն: Պարգեւ Սրբազանը խոսել է «Խորհրդավոր ընթրիք» նկարի կրկնօրինակի ֆոնին: Ո՞վ է մատնելու այդ համաձայնությունը:

 

lragir.am

 
 
 
Published in Արցախ

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` artsakh1in@gmail.com

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում