Բայց ոչ, հրաշք տեղի չունեցավ, կենդանիները մարդ չդարձան և այսօր կոտրվեց Արցախի ժողովրդավարության մասին վերջին միֆը. Սամվել Բաբայան

Posted On Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2019 16:03

"Միասնական հայրենիք" կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

 

Սիրելի´ արցախցիներ,

այսօր Արցախի Հանրապետության վարչական դատարանը հերթական անգամ հետաձգել է որոշումը՝ հրաժարվելով ընդունել Արցախի քաղաքացիությունից ինձ զրկելու որոշման անօրինականությունը, ըստ այդմ՝ նաև իմ իրավունքների վերականգնումը:

Խոստովանեմ, որ ես կասկածի նշույլ իսկ չունեի դատական նիստի այսպիսի ելքի վերաբերյալ, քանի որ քաջատեղյակ եմ, թե ում հետ գործ ունեմ: ԹԵև չէի բացառում, որ իրենց իսկ կողմից ղեկավարվող երկրի ժողովրդավարությունը հաղթաթուղթ սարքելու և իմ աչքը կոխելու համար, թե «տեսե´ք պարո´ն Բաբայան, ձեր ժամանակներում բռնապետական կարգեր էին, իսկ մենք ժողովրդավար ենք», այսօրվա իշխանությունները, այնուամենայնիվ, ճնշում չեն գործադրի դատարանի վրա և չեն խոչընդոտի արդար որոշմանը: Բայց ոչ, հրաշք տեղի չունեցավ, կենդանիները մարդ չդարձան և այսօր կոտրվեց Արցախի ժողովրդավարության մասին վերջին միֆը: Այսօր ավարտվեցին հեքիաթները, որոնցով վերջին քսան տարում կերակրել են մեր ժողովրդին:

Մարդիկ, ովքեր այն ժամանակ ջանք չէին խնայում իշխանություն զավթելու համար և զավթելով այն, հարկի-անհարկի մեղադրում էին ինձ, թե ես խանգարում եմ ժողովրդավարական արժեքների ներդրմանը , իմ անզիջողականությամբ ու կտրականությամբ թույլ չեմ տալիս լուծել ղարաբաղյան հարցը, այսօր, ժողովրդի աչքի առաջ կայացրեցին ոչ թե իմ, այլ իրենց դատավճիռը:

Երբ մոտ 20 տարի առաջ այս ոհմակը հեռացնում էր ինձ քաղաքականությունից, հնչում էին նրանց բարձրագոչ խոստումներն այն մասին, որ շատ շուտով նրանք Արցախը կդարձնեն ժողովրդավարական դրախտ՝ հզոր բանակով և տնտեսությամբ՝ հարուստ և երջանիկ բնակչությամբ: Նրանք հայտարարում էին, թե այդ գործում նրանց միայն Բաբայանն է խանգարում: Նրանց հաջողվեց կապել իմ ձեռքերը մոտ 20 տարով: Բայց այսօր ես վերադարձել եմ և, դիմելով նրանց, հարցնում եմ՝ ի՞նչ եք արել այս ընթացքում, պարոնայք:

Բացի այն, որ մեկ անձի հավերժ պաշտոնավարման համար կեղծել եք Սահմանադրությունը, թալանել եք պետական միջոցները, ուրիշ ի՞նչ եք արել: Մի՞թե Արցախը վերածել եք ժողովրադավարական դրախտի, ինչպես խոստանում էիք: Կամ էլ գուցե տնտեսությու՞նն եք զարգացրել:

Ու՞ր են արցախցիների տնտեսական բարեկեցության բազմաթիվ խոստումները: Գիտե՞ք, որ այսօր Արցախի բնակչության 80%-ը տարիներով դուրս չի գալիս վարկային բեռի անհատակ հորից: Նրանք մի կերպ են կարողանում մարել տոկոսները, ստիպված են պարբերաբար վերաֆինանսավորել, այսինքն վարկը փակելու համար կրկին վարկ վերցնել՝ ամեն անգամ ավելացնելով վարկերի չափը: Գրեթե ամեն երկրորդ ընտանիք սովորական կենցաղային տեխնիկա ձեռքբերելու համար ստիպված է գրավ դնել ընտանեկան զարդերը, իսկ մեքենաներն առհասարակ ձեռք են բերվում բնակարանների և տների գրավադրմամբ: Ես հաճախ եմ շփվում շրջանների և գյուղերի բնակչության հետ և սասրասափում եմ իշխանությունների` ժողովրդի հոգսերի նկատմամբ անփույթ վերաբերմունքից, ով գոյատևում է առանց ճանապարհների, ջրի, կենցաղային տարրական պայմանների: Պարոնայք իշխանավորներ, ճշմարտության աչքերին ուղիղ նայելու համարձակություն ունեցեք և խոստովանեք, որ ժողովուրդը աղքատության ճիրաններում է և դա ձեզ ամենևին չի մտահոգում: Կամ գուցե էլի կասեք, որ Բաբայանն էր խանգարում աշխատել:

Ավելի քան 20 տարի դուք կեղեքել եք ժողովրդին՝ բյուջեն ծառայեցնելով անձնական նպատակների: Դուք Արցախը վեր եք ածել տնտեսական սև խոռոչի , որտեղ անհետանում են բոլոր ներդումները: Դուք ուռճացրել եք հարկային տուրքերը և այդպիսով ոչնչացնում եք բիզնես-միջավայրը: Աշխատավարձով մի կերպ սեփական գոյությունը քարշ տվող շարքային բնակչի համար ուռճացրել եք վարկավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 20%-ի, այնինչ ներդրումային հիմնադրամի անտոկոս միլիոնները դարձրել եք յուրայինների գրպանի փող, որոնք այդպես էլ չեն վերադարձվում:

Գուցե պարծենաք բանակի՞ մարտունակությամբ: միգուցե տնտեսական զարգացմանն ուղղված բոլոր ֆինասական միջոցները ծախսել եք բանակի վրա, իսկ ես տեղյակ չեմ և անհի՞մն եմ մեղադրում ձեզ: Բայց, ո´չ, պարոնայք:

2016 թվականի ապրիլին մենք տեսանք, թե ինչ եք արել բանակի հետ: 2016-ի ապրիլին ամբողջապես մերկացավ ձեր հանցագործությունները ըննդեմ մեր բանակի, արցախյան սահմանների, ընդդեմ հայ ժողովրդի և հայ զինվորի: Մենք բոլորս տեսանք, որ տարիներ շարունակ բանակին հատկացվող գումարները, իրականում բանակ չեն հասել, այլ հարմար տեղավորվել են զանազան իշխանավորների գրպաններում: Այս զանգվածային գողության համար 16 թվականի ապրիլին վճարեց մեր ժողովուրդը, վճարեց նորօրյա հերոսների արյամբ: Անցել է 3 տարի: Հետաքննություն եղե՞լ է: Ինչ-որ մեկը պատասխան տվե՞լ է: Բոլորն իրենց տեղերում են և շարունակում են կարողություն դիզել օֆշորային հաշիվներում:

Բայց ես վերադարձել եմ և չեմ պատրաստվում այլևս լռել: Շարունակել լռել հիմա, նշանակում է ուրանալ իմ զինակից ընկերների թափած արյունը: Լռել կնշանակի դավաճանել մեր շարժումը, մեր պայքարն ու հաղթանակը, որը ձեռք է բերվել ամեն մի հայի շնորհիվ ՝ ծերերի և մանուկների, մայրերի և քույրերի, մեր ուսուցիչների, բժիշկների, հողագործների, մեր զինվորների և սպաների շնորհիվ: Լռելը, ինչպես ասել է իմ մարտական ընկեր Մոնթե Մելքոնյանը, նշանակում է կորցնել Արցախը, փակել հայ ժողովրդի պատմության վերջին էջը:

Ես 1992 թվականի օրհասական օրերին պատասխանատությունն ինձ վրա վերցրեցի, երբ կորսված էր Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե կեսը և պատասխանատվություն եմ ստանձնում հիմա, երբ մեր ժողովուրդը խրված է տնտեսական ճգնաժամի մեջ: Ինձ հաջողվել է իրականացնել իմ բոլոր խոստումները, որ տվել եմ 1992 թվականին, երբ տակավին 27 տարեկան էի: Եվ ես հավաստիացնում եմ, որ իրականացնելու եմ իմ բոլոր խոստումները, որը տալիս եմ այսօր՝ 54 տարեկանում:

Սիրելի´ արցախցիներ, եկեք միասին ազատվենք իշխանության մեջ գտնվող տնտեսական և ռազմական հանցագործներից, որոնք իշխել են վերջին 20 տարում և կրկին փորձում են պահել զբաղեցրած աթոռները: Հավատացեք ձեր ուժերին, ձեր հզորությանը: Հավատացեք, որ Արցախի բարօրությունն այսօր ձեր ձեռքերում է : Հենց դուք եք որոշում թե ինչ երկրում կապրեն ձեր երեխաները. անկայուն ու թու՞յլ , թե հզոր տնտեսություն, մարտունակ բանակ ունեցող պետության մեջ: Ես առաջարկում եմ հզոր պետություն, ՝ անառիկ սահմաններով, անհաղթ բանակով, զարգացած տնտեսությամբ և բարձր կենսամակարդակով:

Ես անպայման գնալու եմ մինչև վերջ և մասնակցելու եմ նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Հավաստիացնում եմ, միասին մենք կկերտենք փայլուն հաղթանակներ:"

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=153816056027530&id=100041974091994

 

Published in Արցախ

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` artsakh1in@gmail.com

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում