Եթե Ղարաբաղ Տելեկոմի տնօրեն Կարեկի Օդբաշյանը ներողություն չխնդրի մեր կազմակերպությունից, ապա մենք կհամարենք, որ նա իր խոսնակի այս հայտարարությամբ ևս մեղսակից է դառնում խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարեին, չբացահայտված սպանություններին

Posted On Ուրբաթ, 06 Դեկտեմբերի 2019 13:37

Արցախի հեռահաղորդակցային օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մասին, ինչպես հանգուցյալի, կամ լավը պետք է խոսել, կամ ոչինչ: Այստեղ քննադատական խոսքը ծանր են տանում: «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ դուստր ձեռնարկությունը՝ «ՎիվաՍելը», հայաստանյան մամուլում սիրում է գովազդներ տեղադրել, հոլովակներ նկարել, թե ինչպես է ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը աղքատներին տներ բաժանում, չեզոքացնելով քննադատող հրապարակումների վտանգը հայաստանյան ԶԼՄ-ներում:

Արցախում էլ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ին օգտվում է իշխանության պաշտպանությունից: Ապրիլի, օրինակ, նկատի ունենալով  «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի մատուցած ծառայությունների ցածր որակը, լսումներ պետք է կայանային Արցախի խորհրդարանում, սակայն ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որը նաև Արցախի  նախագահի թեկնածուներից է, տապալեց այս լսումները, հայտարարելով, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեգին Օդբաշյանը չի ցանկանում այս ձևով քննարկում լինի, ուստի քննարկումը փակ է լինելու:

 Եւ հանկարծ հայաստանյան լրատվամիջոցներից մեկը՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության Forrights.am կայքը հանդգնում է գրել, որ Արցախի բնակչությունը, ինչպես նաև այն տեղ ծառայող զինվորներն ու նրանց ընտանիքները դժգոհ են բջջային կապի գներից, որակից, որ Արցախում մարդիկ ընդվզում են բջջային կապի միակ տիրակալի դեմ, որ այնտեղ մի ամբողջ հասարակական շարժում է ձևավորվել՝ «Ալօ» նախաձեռնությունը, որը պայքարում է ընդդեմ «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության թալանի, համախմբում է մարդկանց, ի մի է բերում նրանց բողոքները:

Եւ ահա ընկերությունը ի դեմս մամուլի խոսնակ Արթուր Գրիգորյանի դեկտեմբերի 2-ին artsakhpress.am կայքին տված հարցազրույցում  վատաբանում է, զրպարտություն ու հերյուրանք է տարածում Forrights.am-ի վերաբերյալ: Արթուր Գրիգորյանը, հանդիսանալով «Ղարաբաղ Տելեկոմի», կամ ինչպես Արցախում են ասում,

«ԿՏ»-ի խոսնակ, իհարկե, ի պաշտոնե պարտավոր է պաշտպանել հարազատ ընկերությունը, չհամաձայնվել ժողովրդի կարծիքի հետ, որ այն իսկական չարիք է դարձել բնակչության գլխին, որ այն թալանում է մարդկանց և առաջին հերթին Արցախի սահմանները պահպանող զինծառայողներին: Օրինակ, նա ասում է. «ՊԲ զինծառայողների համար ամիսներ ի վեր գործում է «Հզոր Բանակ» սակագնային փաթեթ, երբ կարող ես 240ր խոսել Արցախի և ՀՀ աբոնենտների հետ՝ րոպեն 11.03 դրամով: Գումարած SMS-ները»:

Սակայն չի ասում, որ «Հզոր Բանակ» փաթեթի համար պետք է ամսական 3200 դրամ վճարել: Այն  ներառում է 120 րոպե դեպի Արցախ  և 120 րոպե դեպի ՀՀ բջջային ցանցեր և ունի 30 օր վավերականության ժամկետ: Արցախցի զինվորին պետք չի Հայաստան զանգել, և նա օգտագործում է միայն 120 րոպեն: Հայաստանցի զինվորն էլ չի օգտագործում դեպի Արցախ զանգերը, այսինքն, նա նույնպես օգտագործում է ընդամենը 120 րոպեն: Արդյունքում ստացվում է, որ 3200 դրամով «Հզոր Բանակ» փաթեթի բաժանորդները գնում են ընդամենը 120 րոպե, իսկ դա նշանակում է, որ 1 րոպեի գինը ոչ թե 11,3 դրամ է, ինչպես ներկայացնում է «ԿՏ»-ի խոսնակը, այլ 26, 7: Բացի դա, եթե բաժանորդը 30 օրից չվերալիցքավորի հաշիվը, ապա 30 րոպեից քարտը երկկողմանի անջատվում է:

Այսպիսի ստորացուցիչ պայմաններ հայկական տիրույթում աշխատող բջջային օպերատորներից ոչ մեկը չունի: Իսկ 11,3 դրամ/րոպե գինը «ԿՏ»-ի խաբեություններից մեկն է, որոնց պատճառով ընկերությունն այս վաղուց կորցրել է վստահությունը Արցախում ու Հայաստանում, և անգամ այս ընկերության կնքահայրը համարվող Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բջջային  կապն է համարում  է հանրապետության  ամենամեծ խնդիրը:

Մամուլի խոսնակի այս մանր խաբեությունները, զրպարտությունների և մեր հասցեին «սեփական շահ» հետապնդելու մեջ չհիմնավորված, մերկապարանոց պնդումների համար խոսնակը աշխատավարձ է ստանում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունից և դրա տնօրեն Կարեկին Օդբաշյանից: Եւ քանի որ մամուլի խոսնակը պատկերավոր ասած. իր ղեկավարի «շուրթերն» է, որը պաշտոնապես արտահայտում է ղեկավարության  կարծիքը, հետևապես համարում ենք, որ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերթյան տնօրեն Կարեկին Օդբաշյանը պարտավոր է ներողություն խնդրել Forrights.am կայքից և իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանից իր խոսնակի արած հետրևյալ արտահայտության համար.

«Այդ կայքը ստեղծել է մի հ/կ, որի ղեկավարը, ըստ «օդում կախված լուրերի», իրավապաշտպան գործունեության ծածկոցի տակ, բազմիցս թիրախավորել է հայկական Զինված Ուժերը՝ Բանակին հանիրավի վերագրելով մահացու մեղքեր, տարբեր միջադեպերով նախքան պաշտոնական եզրակացություններ ստանալը՝ իրավիճակները մեկնաբանել ընդդեմ զինվորական ղեկավարության: Կարող եք ճշտել ՊՆ պատասխանատուներից»:

Եթե Օդբաշյանը ներողություն չխնդրի մեր կազմակերպությունից, ապա մենք կհամարենք, որ նա իր խոսնակի այս հայտարարությամբ նա ևս  մեղսակից է դառնում խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարեին, չբացահայտված սպանություններին, և որ ուղղակի հրահանգներ է ստանում ՀՀ պաշտպանության նախարարության այն թևից, որը տարիներ շարունակ աչք փակելով հայկական բանակում  տիրող հանցավոր բարքերի և կոռուպցիայի վրա, նպաստել է սպանությունների կոծկմանը:

Ինչ վերաբերում է «ԿՏ»-ի բջջային կապի համար սահմանած գներին, ապա մնում  ենք մեր այն համոզմունքին, որ ընկերությունն այս թալանում է արցախցիներին ու Արցախում ծառայող հայաստանցի զինվորներին:

Սյուզան Սիմոնյան

http://forrights.am/

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` [email protected]

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում