Եթե մի կողմից հայտարարվել է, որ իշխանական բոլոր պատգամավորները խորհրդարան են եկել մեկ մարդու՝ Փաշինյանի հանրային վստահության հաշվին, ու եթե այդ վստահությունը շեշտակիորեն նվազում է, երկրում առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակ է, լարված է տարածաշրջանն ու ավարտված չէ Ղարաբաղյան պատերազմը, խորհրդարանական մեծամասնությունն ի՞նչ պետք է անի, որ պրոցեսները չդառնան անկառավարելի։
Ասել, թե ժողովուրդը ընտրությունների միջոցով Փաշինյանի թիմին տվել է վստահության քվե ու այսօր անվստահության հիմքեր չկան, երբ ընտրություններից մեկ տարի է անցել, դարձյալ համոզիչ չէ, քանի որ նախկին իշխանությունների օրոք անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները թե՛ միջազգային հանրությունը, թե՛ անգամ Փաշինյանի ղեկավարած ընդդիմադիր խմբակցությունը, այն լեգիտիմ են համարել, բայց դա չխանգարեց, որ մեկ տարի անց Փաշինյանը հայտարարեր, թե նախկինների քաղաքական թիմը չունի հանրության վստահություն ու պետք է հեռանա։ Բացի այդ, եթե հինգ տարով ընտրված ուժը ինչ էլ լինի պետք է պաշտոնավարի մինչև ժամկետի ավարտը, այդ դեպքում ինչո՞ւ է օրենքը սահմանում վարչապետի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ էլ ԱԺ-ն վաղաժամկետ արձակելու դրույթներ։
Ու եթե իշխող ուժի պատգամավորներից ով էլ կողմ լինի Փաշինյանի պաշտոնանկությանը, որակվելու է ծախված, քանի որ արդեն նման ակնարկներ անում են, թե նախկինները ուզում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին «առնել»։
Օրենքի ուժով ԱԺ-ն արձակելն ու նոր ընտրությունների գնալը շատ ավելի վտանգավոր է երկրի համար, քան ուղղակի հանրության վստահությունը չարաշահած վարչապետին պաշտոնանկ անելը ու նոր վարչապետ ընտրելը, որը կձևավորի «ազգային համաձայնության» կառավարություն, նոր միայն դրանից հետո կարելի է մտածել արտահերթ ընտրությունների մասին կամ այդ հարցն օրակարգից հանել։ Ու եթե այս խնդրի լիարժեք գիտակցում լինի, ներպետական ու արտաքին սպառնալիքների համակողմանի կշռադատում, ապա այս ճանապարհով կգնա իշխող ուժը, եթե անգամ իրենց չաջակցի ԱԺ ողջ ընդդիմադիր համայնքը, քանզի սա ոչ թե իշխող թիմից մի քանի հոգու «փախցնելու» մասին է խոսքը, այլ հենց իշխող թիմի պատասխանատու վճռի մասին, որին հենց պետք է հանգի խորհրդարանական մեծամասնությունը։ Ու պետք չէ վախենալ, թե այդժամ կորակվեն «անաղուհաց», թե Փաշինյանն է իրենց մանդատ տվել, իսկ իրենք դա օգատագործում են նրա դեմ։ Նախ․ պետք չէ անարգել մեր ժողովրդին, իրենց մանդատ տվել է ժողովուրդը, այլապես քվեաթերթիկի վրա գրված կլիներ մեկ անուն՝ Նիկոլ Փաշինյան՝ մարդ-խորհրդարան։ Եվ երկրորդ․ անգամ մեզ կյանք տված ծնողները չեն կարող մեզ կյանքից զրկել, ինչ է թե իրենց տվածը հետ են վերցնում, ուր մնաց, թե մի մարդ, որն առանց իր թիմի պարզապես անկարող էր ինչ ոչ բան անելու։ Եվ վերջապես՝ Սահմանադրության 94-րդ հոդվածը միանշանակորեն սահմանում է․ «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»: Ինչպես տեսնում եք՝ կենդանական հավատարմության դրույթ չկա հիշյալ հոդվածում, ուստի, հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք, մեր երկրի այս բախտորոշ պահին բարի եղեք առաջնորդվել ձեր խղճով ու համոզմունքներով։