Աջ ղեկով մեքենաների հարցը ժամանակավորապես լուծվեց. Ինչ է սպասվում ապագայում

Posted On Հինգշաբթի, 05 Դեկտեմբերի 2019 11:00

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշումը, որով թույլատրվում է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաները ներկրել Հայաստան, այնուհետև ղեկը փոխել ձախային համակարգով, հետո ՀՀ օրենքով սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ-ում ու շահագործել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունն արգելել էր ընդհանրապես աջակողմյան ղեկային համակարգով մեքենաները ներկրել Հայաստան, և բազմաթիվ քաղաքացիները ներկրում էին Վրաստան, այնտեղ կատարում ղեկի տեղափոխում:

«Այդ քաղաքացիները շատ մեծ գումար ստիպված էին ծախսել ՀՀ-ից դուրս: Հիմա մենք այդ խնդիրը լուծում ենք հետևյալ կերպ՝ աջակողմյան մեքնաներն արգելվում է ներկրել ՀՀ, բայց ժամանականավոր ներկրման ռեժիմով կարող են ներկրել Հայաստան, ղեկային կարգավորումները փոխել, որից հետո ՀՀ օրենքով սահմանված կարգով կհաշվառեն ու կշահագործեն: Այսինքն՝ արձանագրենք, որ այդ ընթացքում հնարավորություն չեն ունենա շահագործել այդ մեքենաները, այլապես կտուգանվեն»,- ասաց Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհուրդ տվեց քննարկել ի վերջո, թե արդյոք մենք համաձայն ենք, որ փոխված ղեկերով մեքենաները շարունակաբար ներկրվեն ու շահագործվեն ՀՀ-ում: Ըստ Ավինյանի՝ այս փոփոխությունը ևս պետք է ժամանակավոր դիտարկել ու մտածել՝ անվտանգության առումով որքանով է նպատահարմար թույլ տալ, որ շարունակաբար նման մեքենաներ ներկրվեն Հայաստան, որոնց ղեկերը պետք է փոխվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հունվարից ուժի մեջ մտնող մաքսային փոփոխությունը որոշ չափով այդ հարցը կլուծի: «Մենք կտեսնենք, թե այդ փոփոխությոինից հետո միջավայրում ինչ փոփոխություններ են տեղի ունենում,  և երևի կվերադառնանք ձեր նշած հարցին: Ընդհանրապես մենք հիմա խնդիր ունենք, որ աստղաբաշխական թվերով մեքենաներ են ներկրվում Հայաստան: Գիտեք, որ 2020 թվականից հետո մենք մաքսային ռեժիմի փոփոխություն ենք կատարելու, ենթադրվում է, որ դրանից հետո կտրուկ կնվազի: Բայց խնդիր կա եղած մեքենաների հետ, պետք է տեսնենք, թե դրանցից ինչքանը մնացին ՀՀ-ում, ինչքանը ՀՀ-ից դուրս հանվեցին և դա ինչ փոփոխություն կբերի»,- ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ այս որոշմամբ ըստ էության Հայաստանում գեներացնում ենք վթարի պոտենցիալ օբյեկտ հանդիսացող շարժական գույքի ծավալներ: Եթե սերտիֆիկացման, տեխզննման ու ապահովագրության միջոցով այդ հարցը չլուծվի, լավ չէ: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ եթե ոստիկանությունը վիճակագրություն ներկայացնի, կպարզվի, որ վթարների ստվար քանակի պատճառը հենց այն է, որ ղեկը տեղափոխվել է:

Տիգրան Ավինյանն առաջարկեց ինչ-որ մի փուլից ընդհանրապես արգելել Հայաստանում ղեկը փոխած մեքենաների շահագործումը:

Քննարկումների արդյունքում կառավարությունը որոշեց, որ առայժմ կթույլատրեն այդ մեքենաները ներկրել Հայաստան, փոխել ղեկերն ու շահագործել դրանք: Հետագայում նորից կանդրադառնան խնդրին:

lragir.am

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` [email protected]

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում