Ապահովել, ինչ էլ դա մեր վրա նստի. հատկանշական փոփոխություն Արցախում

Posted On Կիրակի, 24 Նոյեմբերի 2019 17:11

 

Արցախի ոստիկանապետ, գեներալ Լեւոն Մնացականյանը փոխել է Արցախի ճանապարհային ոստիկանության պետին: Նոր պետին ներկայացնելիս Մնացականյանը դժգոհություն է հայտնել եղած պատկերի վերաբերյալ, ասելով, թե անթույլատրելի է, որ ինն ամիսների վիճակագրությամբ առկա է ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով կորուստների կրկնակի աճը: Լեւոն Մնացականյանը հայտարարել է, որ իրենցից պահանջվում է ճանապարհային երթեւեկության կանոնների հստակ վերահսկողություն, եւ պետք է կատարեն այդ խնդիրը, ինչ էլ դա իրենց համար արժենա:

Մնացականյանի հայտարարությունը պարունակում է հետաքրքիր շերտեր: Օրինակ, դրանցից մեկը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո հրապարակ բերված տեղեկատվա-քարոզչական «թեզերից» մեկն է, որ նախկին իշխող համակարգը շրջանառում է նոր իրականությունը թիրախավորելու համար: Խոսքը ՃՈ վատ աշխատանքի մասին պարբերաբար շրջանառվող խոսակցությունն է, որով պայմանավորվում է պատահարների թվի աճն ու դրանց հետեւանքով զոհերի թվի աճը:

Իշխանափոխություն, կառավարող թիմի փոփոխություն եղել է Հայաստանում: Իսկ չէ՞ որ Արցախում այդ ամենը չի եղել, հետեւաբար Արցախում երթեւեկության պատկերի փոփոխություն պետք է որ չլիներ, եթե բանը հեղափոխության հետեւանքով ՃՈ վատ աշխատանքն է:

Կասկածից վեր է, որ Հայաստանի ՃՈ աշխատանքը ունի էական խնդիրներ, ընդ որում հեղափոխությունից առաջ էլ: Սակայն ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության աճը պայմանավորված է ռիսկի աղբյուրների աճով, առաջին հերթին մեքենաների թվաքանակի, այն պարագայում, երբ չի փոխվում առկա ենթակառուցվածքների ծավալը: Դրանք սկսում են չբավարարել երթեւեկության այսպես ասած ծանրաբեռնվածությանը: Միաժամանակ, աճում է մեքենաների թիվը, սակայն գործնականում որեւէ կերպ չի փոխվում հանրային մշակույթը՝ թե հետիոտների, թե վարորդների դեպքում:

Այլ կերպ ասած, խնդիրը խորքային է եւ պահանջում է համարժեք մոտեցում՝ այս կամ այն գերատեսչությանն ուղղված մեխանիկական մեղադրանքների փոխարեն:

Լեւոն Մնացականյանի խոսքում կարծես թե նկատվում է Արցախում կառավարման համակարգի համար էական մի հարց: Արցախը պատրաստվում է համապետական ընտրության, որը տեղի կունենա 2020 թվականի գարնանը: Լինելու է նախագահի, նաեւ խորհրդարանի ընտրություն: Արցախում փաստացի ձեւավորվելու է նոր իշխանություն: Այդ հանգամանքը անկասկած խիստ զգայուն է ընկալվում պետական կառավարման համակարգերում: Հատկապես որ Արցախի ընտրությունը լինելու է առանց կանխորոշված արդյունքի կամ սցենարի:

Կառավարման համակարգում այդ հանգամանքը կարող է առաջացնել անորոշության որոշակի զգացում, ինչն էլ իր հերթին կարող է ազդել տարբեր կառույցների աշխատանքի արդյունավետության վրա: Իսկ ոստիկանությունը, այդ թվում ճանապարհային, ունի ահռելի նշանակություն՝ Արցախում աննախադեպ ընտրական գործընթացում հասարակական կարգի եւ իրավակարգի համակողմանի պաշտպանության համար:

Այդ առումով, Լեւոն Մնացականյանի՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման առնչությամբ՝ «պետք ա ապահովենք, ինչ էլ մեր վրա դա նստի» արտահայտությունը լայն իմաստով կարող է ստանալ հատկանշական երանգ:

 
 
 
Published in Արցախ

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` artsakh1in@gmail.com

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում