Ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը. Բարելավվել է նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների կյանքը

Posted On Կիրակի, 24 Նոյեմբերի 2019 01:20

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը երկրում բարեփոխումների իրականացման հարցում առաջ է շարժվում հնարավոր առավելագույն արագությամբ: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Թե ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, կարելի է միայն ենթադրել։ Որպես այդպիսին, Հայաստանում բարեփոխումներ, առավել ևս՝ հեղափոխական բարեփոխումներ, չկան։ Եթե նույնիսկ ինչ-որ բան էլ արվում է, ապա դա դժվար է բարեփոխում համարել։ Հայտարարությունների մակարդակում գուցե այդպես է, բայց իրական կյանքում նման բան չկա։

Այդպես էլ Նիկոլ Փաշինյանի ձևավորած՝ ինչպես առաջին, այնպես էլ՝ երկրորդ կառավարությունը հայտարարություններից այն կողմ չկարողացավ անցնել։ Հասարակությունն այդպես էլ չտեսավ այն փոփոխությունները, որոնք պիտի արվեին իշխանափոխությունից հետո։ Մինչև հիմա կառավարությունը չունի նույնիսկ տնտեսական քաղաքականության ռազմավարություն։ Խոստացած տնտեսական բարեփոխումներն այդպես էլ տեղ չեն հասնում։

Թե ինչքանո՞վ է կառավարությունը կարողացել բարեփոխել տնտեսությունն ու տնտեսական միջավայրը, վկայում են ներդրումային կապիտալի այն հոսքերը, որոնք անցած մեկուկես տարում մտել են Հայաստանի տնտեսության մեջ։ Իսկ քանի դեռ ներդրումներ չկան, անիմաստ է սպասել լուրջ զարգացումների։ Բնավ զարմանալի չէ, որ հաջորդ տարի կառավարության ակնկալիքները տնտեսական աճից շատ ավելի ցածր են, քան այս տարվա սպասելիքները։

«Ընդամենը մեկ տարվա ընթացքում Հայաստանի բյուջեն աճել է 20 տոկոսով: Մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում էականորեն աճել են զինվորականների աշխատավարձերը, այս տարի Հայաստանում վերանորոգվել են այնքան ճանապարհներ, որքան վերջին անգամ վերակառուցվել և կառուցվել է Քըրք Քըրքորյանի տրամադրած միջոցների հաշվին: Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում ձեռք է բերվել այնքան սպառազինություն, զենք-զինամթերք, որքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակաշրջանում: Հայաստանում բարձրացել է ուսուցիչների աշխատավարձը, հունվարի 1-ից բարձրանում են թոշակները, բարձրացել են հրշեջների, անտառապահների աշխատավարձերը, Հայաստանում գրեթե լուծվել է անտառների ոչնչացման խնդիրը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Ու շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իսկապես լուրջ առաջընթաց ունենք։ Բայց ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը` ա՞յն, որ ուսուցիչների աշխատավարձը սեպտեմբերից 10 տոկոսով բարձրացել է, ա՞յն, որ անտառապահները կամ հրշեջները 20 հազար դրամ ավելի պիտի ստանան։ Թե՞ առաջընթացն այն է, որ իշխանափոխությունից երկու տարի հետո կենսաթոշակները 3-4 հազար դրամով դեռ պիտի բարձրանան։

Ուրիշ բան, որ նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների կյանքում իսկապես առաջընթաց կա։ Հիմա նրանք պետական բյուջեի հաշվին կրկնակի ավելի շատ են վաստակում։

Բյուջեի եկամուտներն այս տարի, անշուշտ, ավելացել են։ Ինչքան կլինի աճը տարեվերջին, դեռ վաղ է ասել։ Բայց մինչ այդ ակնհայտ է, որ դա ապահովվել է ոչ այնքան ստվերային տնտեսության դեմ կառավարության համառ պայքարի, որքան տրանսպորտային միջոցների ներմուծման աճի հաշվին։

Այս պահին արդեն գրեթե 100 հազարով ավելի տրանսպորտային միջոց է ներմուծվել Հայաստան, քան անցած տարի։ Ու դրա արդյունքում բյուջեն հավելյալ առնվազն 100 մլն դոլար է ստացել։ Մինչև տարեվերջ այդ թիվը դեռ կաճի։

Ոչ թե կառավարության լավ կամ վատ աշխատանքի, այլ հիմնականում սրա արդյունք է ՀՆԱ-հարկեր հարաբերակցության բարելավումը։

Վարչապետը չի վարանում այս ու այն տեղ հայտարարել, թե Արժույթի միջազգային հիմնադրամը 2-3 տարի առաջ եզրակացություն է ներկայացրել, որ Հայաստանի համար ստվերային տնտեսության ծավալները տարեկան 0,3 տոկոսով կրճատելը կարելի է համարել հսկայական հաջողություն։ Չնայած դրան, կառավարությունը կարողացել է քառակին անել։

«Մեր գործունեության մի տարվա արդյունքում մեր ստվերային տնտեսության ծավալը կրճատվել է 1,2 տոկոսով, այսինքն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի երազանքից 4 անգամ ավել»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Եթե ամեն ինչ այդքան լավ է, բա ինչո՞ւ հաջորդ տարի կառավարությունն այլևս ՀՆԱ-հարկեր հարաբերակցության նման բարելավում չի ակնկալում և հույսը դրել է ստվերի ընդամենը 0,3 տոկոս կրճատման վրա։

Պարզ է, թե ինչու. հաջորդ տարի ավտոմեքենաների ներկրումներն այնպիսին չեն լինելու, ինչպիսին այս տարի էր։ Ու դեռ հարց է, թե այդ պայմաններում ինչքանո՞վ կհաջողվի կառավարությանը նույնիսկ նախատեսված 0,3 տոկոսանոց աճն ապահովել։

Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ Հայաստանի միջազգային պահուստները տարվա վերջին ավելի կլինեն մոտավորապես 1 միլիարդ դոլարով:

Թե որտեղի՞ց է վարչապետը վերցրել այդ թիվը, հայտնի չէ։ Բայց փաստն այն է, որ պաշտոնական տվյալներով, նոյեմբերի 1-ի դրությամբ Կենտրոնական բանկի միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 468 մլն դոլար։ Այս տարվա ընթացքում պահուստներն ավելացել են ընդամենը 209 մլն դոլարով։

Որտե՞ղ է մնացած 800 միլիոնը։

Նիկոլ Փաշինյանը սովոր է իշխանափոխությունից հետո տեղի ունեցող ցանկացած փոփոխություն կապել «թավշյա հեղափոխության» հետ՝ մոռանալով, որ դրանից առաջ էլ է Հայաստանում կյանք եղել։ Ու եթե «հեղափոխությունից հետո զբոսաշրջիկների թիվը Հայաստանում էականորեն աճել է», ինչպես ասում է վարչապետը, դա դեռ չի նշանակում, որ մինչ այդ զբոսաշրջիկներ չէին գալիս Հայաստան և միայն իշխանափոխությունից հետո սկսեցին գալ։ Ընդհակառակը՝ մինչև իշխանափոխություն հոսքերի աճի տեմպը շատ ավելին էր, քան իշխանափոխությունից հետո։ Ու դա փաստում է պաշտոնական վիճակագրությունը։

2017թ. առաջին 9 ամիսներին Հայաստան այցելողների թիվն ավելացել էր 21 տոկոսով։ Անցած տարի աճը 8,8 տոկոս էր, այս տարի` 14,4 տոկոս։

Հիմա ե՞րբ է ավելի ակտիվ եղել զբոսաշրջությունը` իշխանափոխությունից առա՞ջ, թե՞ հետո։

Published in Հայաստան

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` artsakh1in@gmail.com

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում